Հրապարակվեց: Пт, Апр 12, 2019
...

ԱՄՆ Պետքարտուղարությունը թվարկել է վտանգները, որոնց Թուրքիան կբախվի Ս-400-ները գնելու դեպքում

Տարածել

Հինգշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունը թվարկել է վտանգները, որոնց Թուրքիայի իշխանությունները կբախվեն ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելուց հետո:

«Մենք Պետքարտուղարությունում եւ Պենտագոնում բավական հստակ ենք արտահայտվել, որ [Անկարայի համար] վտանգներ կան՝ կապված Ս-400-ների ձեռքբերման հետ, եւ մենք դրանց մասին հաճախ ենք ասել»,- news.am-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ընդգծել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն:
Նա հավելել է, որ F-35 կործանիչ-ռմբակոծիչի մատակարարումները եւ Թուրքիայի մասնակցությամբ այն կառուցելու ծրագրի գործունեությունը դադարեցվել է՝ կապված ԶՀՀ-ն ձեռք բերելու Անկարայի որոշման հետ:
Պալադինոն այնուհետեւ մեջբերում է կատարել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսից. «Մենք ձեռքներս ծալած չենք նստի, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները սպառազինություն են ձեռք բերում մեր հակառակորդից»: «Մենք Թուրքիային հստակ զգուշացրել ենք, որ Ս-400-ի հնարավոր ձեռքբերումը կհանգեցնի F-35 ծրագրի վերագնահատման»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Երրորդ՝ մենք հաճախ ենք ասել, որ գնումը նաեւ մեծացնում է հնարավոր գործողությունների հավանականությունը՝ ըստ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի»,- նշել է դիվանագետը: Նա պարզաբանել է, որ հնարավոր սահմանափակումները կարող են վերաբերել «այս նշանակալի գործարքին ներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»:
«Վերջապես՝ եթե Թուրքիան, այնուամենայնիվ, Ս-400-ները ձեռք բերի, վտանգում է չստանալ ամերիկյան Patriot ԶՀՀ-ն,- եզրափակել է Պալադինոն: — Սրանք ակնհայտ վտանգներ են, որոնք մենք մանրամասն քննարկել ենք, եւ որոնք շարունակում են գոյություն ունենալ»:
Ընդ որում՝ դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե Թուրքիան Ս-400-ները ձեռք բերելով վտամգո՞ւմ է ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը:
Մեկնաբանություններ