Հրապարակվեց: Пн, Мар 11, 2019
...

ԱԺ իշխող մեծամասնության մոտ նկատելի են դեմագոգիկ, Կառավարությանը ձայնակցելու տրամադրություններ և պոպուլիստական նախաձեռնություններ. Վիգեն Խաչատրյան

Տարածել
Tags

Իշխանության աշխատանքի գնահատականը դեռևս վաղ է տալ, անհրաժեշտ թափանիվը դեռևս չի պտտվում, կարելի էր ավելի լուրջ արդյունքներ ունենալ, բայց, ըստ երևույթին, ժամանակի և փորձի խնդիր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

Նա նկատեց, որ խորհրդարանը նոր է սկսել աշխատել, և շատ բան կախված է նրա աշխատանքից: «Մենք խորհրդարանական համակարգի ենք անցել, և շատ կարևոր է, որ խորհրդարանը գործի որպես անկախ մարմին, ոչ թե Կառավարությանը ենթարկված: Այսինքն՝ խորհրդարանը պահանջկոտության սկզբունքով Կառավարությանն օժանդակելու ճանապա՞րհը կընտրի, թե՞ պոպուլիզմի»,- ասաց նա և հավելեց, որ այսօր առանձին պատգամավորների մոտ  նկատվում է Կառավարությանը ձայնակցելու դեմագոգիկ պահվածը:

Ըստ Խաչատրյանի՝ իր դիտարկումը վերաբերում է ԱԺ և՛ ընդդիմությանը, և՛ մեծամասնությանը: «Իհարկե, ԼՀԿ-ի դեպքում որոշ գործնական քայլեր մենք տեսնում ենք, ինչ-որ փորձեր արվում են, բայց հատկապես իշխող մեծամասնության մոտ, դժբախտաբար, նկատում եմ դեմագոգիկ, ձայնակցելու տրամադրություններ և պոպուլիստական նախաձեռնություններ, որոնք անիմաստ եմ համարում այս պահին, դրա համար խորհրդարանի մթնոլորտը շատ բան կորոշի՝ արդյոք երկրի տեմպերը կառաջանա՞ն, թե կդանդաղեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պատգամավորները պետք է զբաղվեն խորհրդարանին բնորոշ գործունեությամբ, ոչ թե դեմագոգիկ ձայնակցությամբ: «Բայց այդ երկու երևույթն էլ դրանում է, ինչը շատ վտանգավոր է, երբ խորհրդարանի ներկայացուցիչներն սկսում են զբաղվել հասարակական ականջահաճո նախաձեռնություններով, որոնք այս պահին ակտուալ չեն, կլինի օրհներգը, «քաղաքացու օր» հռչակելը թե այլ բան, դրանք անիմաստ  և ուշադրություն շեղող  պոպուլիստական քայլեր եմ համարում, որը տեղին չէ բնավ»,- ասաց նա:

Քաղաքագետը շարունակեց, որ բացի դրանից, օրենսդրական նախաձեռնությունները  երբևիցե չպետք է ծառայեն այս կամ այն բիզնեսի շահերին: «Բայց դա էլ է նկատվում, հիմա դա արվում է գիտակցաբար, թե անգիտակցաբար, կարևոր չէ, չպետք է բերեն նախաձեռնություններ, որոնք առաջացնեն դժգոհություններ կոնյակագործների մոտ կամ այլ տնտեսվարողների մոտ: Նրանք պետք է սպասարկեն ընդհանուր շահեր և ոչ թե մասնավոր:

Բացի դրանից, շատ բան կախված է Կառավարության անդամներից, որոնք չպետք է զբաղվեն հովանավորչությամբ,  չպետք է իրենց մտերիմների բիզնեսներին աջակցեն, ոչ մտերիմներին «քոռ աչքով» նայեն, փոքր երկիր ենք, ամեն ինչ շատ արագ իմացվում է»,- ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս իշխանության միակ առավելությունն իրենց մաքրությունն է: «Իրենք պետք է ուշի ուշով հետևեն, և դա Նիկոլ Փաշինյանի առաջնային  խնդիրն է, որ ովքեր գայթակղվում են իշխանության լծակներով, կլինեն պատգամավորներ, թե Կառավարության անդամներ, արագ նրանց մի կողմ քաշեն, եթե դա չարվի, շատ վատ ընթացք կունենանք»,- ասաց նա:

Վիգեն Խաչատրյանը նաև հավելեց, որ թերևս այս խորհրդարանը կրթական ցենզով ամենաբարձրն է նախորդ եղածների մեջ. «Իսկ կրթականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է արդյունավետ աշխատելու համար»:

«Ակնհայտ է, որ փորձ չունեն, բավարար ինքնուրույնություն չունեն: Իհարկե, ժամանակի մեջ արագ կարող են ուղղել, փորձը աշխատանքում է ձեռք բերվում, ուղղակի ոճի մասին է խոսքը»,- ասաց նա:

Մեկնաբանություններ