Հրապարակվեց: Пн, Май 13, 2019
...

ԱԴՐԲԵՋԱՆ-ԱՐՑԱԽ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ՀԵՆՔԻ ԵՎ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏԻՑ

Տարածել
Tags

 

 

          2018-ը հոբելյանական է; Հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակը: Արյունահեղ ճակատամարտերում աշխարհաքաղաքական բարդագույն պայմաններում ծնված մեր առաջին հանրապետությունը անկախ պետականութան վերականգման հայոց իղձերի մարմնավորումն էր: Ազգային գիտական միտքը դարակազմիկ այդ իրադարձությունը մեր օրերում փորձում է իմաստավորել ներքին ու արտաքին քաղաքական այն գործընթացների խորքի վրա, որոնց ուղեկցել է ինքնիշխան պետականության վերականգման մեր պայքարը կամ որոնցում թափ է առել այն: Ավելի հանգամանալից վերլուծության կարիք ունեն նաև XX-րդ դարասկզբի մեր ազատագրական պայքարի արցախյան ճակատում ծավալված իրադարձությունները:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի հոբելյանական միջոցառումները ունեն մեծ խորհուրդ: Բայց այնպես չպիտի լինի, որ մենք այդ միջոցառումներով տարված մոռացության մատնենք հայոց մերօրյա գլխավոր հիմնախնդրի՝ արցախյան հիմնախնդրի, հետ կապված և միջազգային հանրությանը պատշաճ ձևով ներկայացնելու տեսակետից արտակարգ կարևոր այն փաստը, որ նույն 2018-ին լրանում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության 100-րդ տարին:

Այո, կոնֆլիկտը 100 տարեկան է:

Դա տարբեր աշխարհաքաղաքական միջավայրերում, տարբեր իրավական ու սոցիալական կաղապարներում, հիբրիդային պատերազմի ամենատարբեր զենքերով մեկ ամբողջ դար անընդմեջ շարունակվող կոնֆլիկտ է: Ուղիղ 100 տարի է, ինչ նախ կովկասյան թաթար, և ապա ադրբեջանցի անվան տակ քողարկված Արելյան Անդրկովկասի՝ թուրքը փորձում է ծնկի բերել Արցախը, զավթել այն, ցեղասպանել հայոց այդ հատվածը: Ուղիղ 100 տարի է, ինչ Արցախը  ինքնապաշտպանական մարտերում ետ է մղում ցեղասպան զավթիչի այդ գրոհները[1]: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության՝ որպես հարյուրամյա դիմաբախության պատմական, քաղաքական, քարոզչական, հոգեբանական տեսանկյունների գիտական վերլուծության ու իմաստավորման կարևորությունը նախ և առաջ մենք պետք է գիտակցենք և համապատասխան մեսիջներով այն հասցնենք միջազգային հանրությանը:  Մեր և մեր բարեկամների ջանքերով տեղեկատվական հոսքերում ակտիվորեն պետք է շրջանառվի այն փաստը, որ միջազգային հանրաությունը գործ ունի 100-ամյա կոնֆլիկտի հետ: Մենք դա ընդգծում ենք այն պատճառով, որ Բաքվի մեր ընդդիմախոսների մատուցմամբ միջազգային քաղաքական շրջանակներում տիրապետող է այն պատկերացումը, թե կոնֆլիկտը ծագել ու բորբոքվել է ԽՍՀՄ լուծարման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման հետևանքով: Այդ պատկերացումը կարելի է դուրս մղել և պետք է դուրս մղվի տեղեկատվական ու քաղաքական շրջանառությունից անհերքելի այն փաստերի ճնշմամբ, որ մենք ունենք մեր տրամադրության տակ: Ստորև անդրադարձ է կատարվում հակամրտության պատմական, քաղաքական ու իրավական այն գործընթացներին, որոնք հիմնախնդիրը բերել են մերօրյա հանգրվանին: Հարցը ծավալուն է, և մեր դիտարկումները, բնական է, չեն հավակնում լինել սպառիչ ու համապարփակ: Մենք կանգ կառնենք քննարկվող թեմայի բանալի այն գաղափարների, հասկացությունների ու հարցադրումների վրա, որոնք իրենցով պայմանավորում են թեմայի խորքային իմացության համարժեք մեթոդաբանությունն ու օբյեկտիվությունը և հետևաբար միջազգային քաղաքական դաշտում դրանց նպատակամետ կիրառությունը: Մենք ելնում ենք այն կանխադրույթից, որ արդյունավետ քաղաքականություն իրագործելու համար պարտադիր է իմանալ կոնֆլիկտի մասին ճշմարտությունը իր բոլոր մանրամասնություններով, ամբողջ ծավալով ու խորությամբ:

Նախ պատմական բնույթի մեկնարկային այն դրույթի մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սկիզբը հենց 1918 թվականն է[2]: Քաղաքական տեսակետից այդ դրույթի տեղեկատվական նշանակությունը կասկածից դուրս է: Բանն այն է, որ որպես դրա հիմնավորում մատնացույց է արվում պատմական անհերքելի այն փաստը, որ 1918-ից առաջ տարածաշրջանում այդ անվամբ հակամարտություն չկար և չէր կարող լինել, քանի որ մինչ այդ Արևելյան Անդրկովկասում ոչ Ադրբեջան անունով պետական գոյացություն, ոչ աշխարհագրական տարածք, որ էլ էթնիկական խումբ է եղել:

Տարածաշրջանի XX դարի պատմության մեծ պաստառի վրա առանձնանում են կանֆլիկտի ծավալման երեք փուլեր՝ նախախորհրդային, խորհրդային ու հետխորհրդային փուլերը, և բնական է նման պարբերացումը որպես հիմնք ընդունել հակամարտության փոխակերպումների, արդյունքների ու միտումների տեսական իմաստավորման համար:

Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ դիմաբախության նախախորհրդային փուլի իրադարձային բովանդակությունը և հիմնական իրավաքաղաքական արդյունքները

Եթե այն հակիրճ բնութագրվի հակամարտության 1918-1920 թվականների փուլը իր իրավաքաղաքական բովանդակության ու արդյունքների տեսակետից, ապա պետք է արձանագրվի հետևյալը:

Առաջին: Ռուսական կայսրության անկումից հետո ողջ Արևելյան Անդրկովկասի ազգային-պետական կառույցի շուրջ հայերի ու կովկասյան թաթարների միջև 1917-1918 թթ. ծավալված էթնոքաղաքական կոնֆլիկտը[3] աշխարհագրորեն նեղացվել և ղարաբաղյան հարցին է հանգեցվել դեպի Անդրկովկաս ձեռնարկած թուրքական ներխուժման, հայկական կոտորածների[4], Բաքվում օրինական իշխանությունը ջարդելու և այն մուսավաթների ձեռքը հանձնելու հետևանքով: Այդպես է Արևելյան Անդրկովկասի ազգային պետական կառուցվածքի շուրջ հայերի ու կովկասյան ծագած կոնֆլիկտը աշխարհագրորեն նեղացվել և վերածվել  Ղարաբաղյան հակամարտության և այդ անվամբ հայտնվել միջազգային քաղաքական օրակարգում:

Երկրորդ: 1918 թ. սեպտեմբերին թուրքական ռազմական միջամտությամբ քաղաքական իրողություն դարձած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս բնիկ ժողովրդի ցեղասպանության ճանապարհով թուրքական նոր պետություն հիմնելու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը նախորդած փորձն էր:

Երրորդ: 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան կոնֆլիկտը միջազգայնացվել է երրորդ կողմերի ռազմաքաղաքական անմիջական միջամտության իմաստով: Այդ շրջանում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան կոնֆլիկտին հօգուտ Բաքվի անմիջական միջամտություն ցուցաբերեցին ոչ միայն թուրքերը: Նրանց փոխարինելու եկած, Բաքվում նավթային շահեր հետապնդող անգլիացիները ամեն կերպ փորձում էին ճնշել արցախցիներին և ստիպել նրանց ենթարկվել մուսավաթական Ադրբեջանին: Այդ փորձերը ի վերջո ձախողվեցին: Ոչ թուքերին, ոչ անգլիացիներին չհաջողվեց կոտրել արցախցիների կամքը, հայրենի երկրամասը զավթիչներից պաշտպանելու նրանց վճռականությունը: Թուրքական այդ ծրագիրը խափանվեց միայն շնորհիվ այն զինված դիմադրության, որին Նուրի փաշայի զորքը հանդիպեց Արցախում: 1918 թ. հոկտեմբերի 18-ին Մսմնայի տակ թուրքական զորագնդի ջարդը դրա ապացույցն է:

Չորրորդ: 1918-1920 թթ. պաշտպանական մարտերում արցախահայությունը ի դեմս երկրամասի ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարների և նրանց կողմից ձևավորած ժողովրդական կառավարության ու Ազգային Խորհրդի ձեռք բերեց ինքնակազմակերպման ու ինքնակառավարման իրավաքաղաքական անգնահատելի փորձ: Լեռնային Ղարաբաղը հայտարարելով Հայաստանի Հանրապետության անկապտելի մաս, արցախահայության ձևավորած լեգիտիմ իշխանությունները կազմակերպեցին հայրենի երկրամասի ինքնապաշտպանությունը[5], արժանապատիվ ձևով այն ներկայացրին Արդրբեջանի ու անգլիացիների հետ բանակցություններում[6]: Այդ տարիներին Լեռնային Ղարաբաղը օժտված է եղել դե ֆակտո պետության հիմնական ատրիբուտներով:

Հինգերորդ: Հակամարտության նշված առաջին փուլում միջազգայնացվել է նաև ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացը: Հարցը հայտնվել է Ազգերի լիգայի օրակարգում, որը Արցախը ճանաչել է որպես վիճելի տարածք Հայաստանի առաջին Հանրապետության և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության միջև, որոնք Լիգայի կողմից ստացել էին դե ֆակտո ճանաչում:

Վեցերորդ: 1919-1920 թթ. թուրքական կանոնավոր բանակի ու մուսավաթականների հետ բախումներում արցախահայությունը հերոսական գոյամարտերում հայրենի երկրամասը բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում հասցրեց «նոր ափեր»,  իրավաքաղաքական նոր միջավայր, ուր տարածաշրջանը մտավ խորհրդային կարգերի հաստատմամբ[7]:

ԱդրբեջանԼեռնային Ղարաբաղ դիմաբախության խորհրդային շրջանի իրադարձային բովանդակությունը և հիմնական իրավաքաղաքական արդյունքները

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի երկրորդ փուլը ընդգրկում է 1920-1991 թվականները: Դա սկսվում է խորհրդայնացված Ռուսաստանի վերադարձով Անդրկովկաս և ավարտվում 1991-ին ԽՍՀՄ լուծարումով: Այդ շրջափուլը սկսվում է բոլշևիկյան կայսերապաշտական ծրագրերով հարուցված քաղաքական վայրիվերումներով, որոնցում Արցախիը իր պայքարը պետք է շարունակեր դժվարագույն պայմաններում: Հայկական երկրամասը Բաքվի կողմից Խորհրդային Հայաստանի մաս ճանաչելուց  (1920 թ. նոյեմբերի 30) և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիիրավ ինքնորոշման իրավունքը ճանաչող հռչակագրի ընդունումից հետո (1920 թ. դեկտեմբերի 2) Թուրքիայի հետ քաղաքական գործարքների մեջ մտած բոլշևիկյան Մոսկվան բռնությամբ, ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի՝ իրականում չքննարկված ու չքվեարկված որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղը մտցրեց Խորհրդային Ադրբեջանի սահմանները՝ ճանաչելով լայն մարզային ինքանվարություն ունենալու նրա իրավունքը[8]:

Եթե իր իրավաքաղաքական բովանդակության ու արդյունքների տեսակետից հակիրճ բնութագրվի, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության երկրորդ փուլը, ապա պետք է արձանագրվի հետևյալը:

Առաջին: ՌԿ(բ)Կ Կովբյուրոն իր որոշումն «ընդունել է» 1921-ի հուլիսին, երբ ձևավորված չէր ԽՍՀՄ-ը և Խորհրդային Ռուսաստանի կողմից  Հայաստանի Հանրապետությունը դիտում էր որպես ինքնիշխան պետություն: Երրորդ երկրի կուսակցական մարմինը այլ   պետությունների տարածքային հարցեր լուծելու իրավասություն չուներ, և բնականաբար, նրա որոշումը միջազգային իրավունքի տեսակետից առոչինչ էր ընդունման պահից: Սակայն Խորհրդային Ռուսաստաի մասնակցությունը կոնֆլիկտի կարգավորմանը, Կովբյուրոյի պլենումի հիշատակվող նիստին  Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դե ֆակտւ անկախ խորհրդային հանրապետությունների ղեկավարների մասնակցությունը, անկախ նման հարցեր լուծելու այդ մարմնի անիրավազորության հանգամանքից, հաստատումն է այն բանի, որ ի դեմս Կովբյուրոյի կոնֆլիկտի կարգավորումը հայտնվել է կարգավորման թող որ յուրօրինակ, ոչ ստանդարտ, թող որ ապօրինի, բայց և այնպես միջազգայնացված ձևաչափում:

Երկրորդ: Մի կողմից Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ Բաքվի ու Երևանի ընդունած հռչակագրերը և, մյուս կողմից, այն բանի հստակ գիտակցումը, որ այդ դեպքում ըմբոստ արցախցին կդիմի անհնազանդության ու պայքարի հնարավոր բոլոր ձևերին, բացահայտ դարձնելով ազգային արդարության բոլշևիկյան կարգախոսների կեղծությունը, Մոսկվային դրդեցին պարտադրել Բաքվին, որպեսզի նա համաձայն Կովբյուրոյի որոշման հռչակի հայկական ինքնավարության հիմնադրման մասին դեկրետը: 1918-1921 թթ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված քաղաքական իրադարձությունները գալիս են հաստատելու, որ լայն իրավունքներով մարզային ինքանվարության կարգավիճակը Լեռնային Ղարաբաղին մատուցած նվեր չի եղել: 1923-ին այն հայկական երկրամասին տրվել է որպես քաղաքական փոխհատուցում Խորհրդային Հայաստանից նրան բռնությամբ Ադր. ԽՍՀ սահմանները մտցնելու դիմաց: Այդ թալանը մեղմացվում էր փաստարկներով, որ Խորհրդային Ադրբեջանը ոչ ազգային, ինտերնացիոնալ հանրապետությունն է, այլ կերպ՝ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների ընդհանուր պետություն է:

Երրորդ: Եթե 1918-1920 թվականներին Լեռնային Ղարաբաղը օսմանյան ու կովկասյան թուրքերի հետ զինված բախումներում չպաշտպաներ իր դե ֆակտո անկախությունը, եթե նրա լեգիտիմ իշխանությունները՝ արցախահայության լիազոր ներկայացուցիչների համագումարները երկրամասը բազմիցս չհռչակեին Հայաստանի Հանրապետության անկապտելի մաս, եթե նա խաբվեր պրոլետարական ինտերնացիոնալիզմի ու ազգային արդարության բոլշևիկյան կարգախոսներին և Ադր. ԽՍՀ կազմում լինելու լռելյան համաձայնություն տար, նա չէր ստանա ինքնավար մարգի կարգավիճակ, չէր դառնա ԽՍՀՄ ազգային պետական կառույցի սուբյեկտ, ներկայացված չէր լինի նրա բարձրագույն օրենսդիր մարմնում: Այդ բոլորին Արցախը հասել է համառ պայքարի շնորհիվ:

Չորրորդ: Տարածաշրջանի պատմության և ղարաբաղա-ադրբեջանական հարյուրամյա հակամարտության համայնապատկերում առանձնացվող պատմաքաղաքական մյուս կարևոր փաստը կապված է ադրբեջանական ազգ ձևավորելու ստալինյան նախագծի հետ: Դրվեց որպես ոչ ազգային, ինտերնացիոնալ հանրապետություն հիմնված այդ հանրապետության բնիկ իսլամադավան ժողովուրդներին և կովկասյան թաթարներին միմյանց մեջ ձուլելու խնդիրը: Այդ «պատվաստման»    արդյունքում նախատեսվում էր ստանալ ինքնությամբ թուրքականից ու պարսկականից տարբեր էթնիկական մի հանրություն, որը չպիտի ունենար ոչ  թուրքական, ոչ էլ պարսկական կողմնորոշում: Նախագիծը ծանր հետևանքներ ունեցավ թալիշների, լեզգիների, թաթերի և Խորհրդային Ադրբեջանի մյուս իսլամադավան ժողովուրդների համար, որոնք այդ երկրի իրական տերերն էին: Այն իրականում վերածվեց Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովուրդների ցեղասպանության, նրանց բռնի թուրքացման ծրագրի: Նրանց մեծ մասը, խուսափելով ուծացումից, անցան ազգային ընդհատակ, ուր գտնվում է մինչ օրս: Նոր ադրբեջանական ազգի կառուցման մինչև ԽՍՀՄ տրոհումը գործողության մեջ դրված այդ նախագծը ծանր կացության մեջ դրեց նաև Արևելյան Անդրկովկասի հայությանը՝ ադրբեջանահայությանը՝ ինտերնացիոնալ այդ հանրապետության հիմնադիր ժողովուրդին: Հանրապետության ներքին կյանքը իր ձեռքը վերցրած երեկվա կովկասյան թաթարը ադրբեջանական ազգ ձևավորելու նախագիծի քողի տակ տասնամյակներ շարունակ ստացավ բոլոր բնիկ ժողովուրդների, այդ թվում և հայության նկատմամբ բռնություններ իրագործելու Մոսկվայի թույլտվությունը: Հենց այդ տարիներին հայաթափվեց Նախիջևանը:            Ադրբեջանական նոր ազգ ձևավորելու ստալինյան նախագիծն էր, այսպիսով, ԽՍՀՄ տարիներին Արևելյան Անդրկովկասի հայության (ադրբեջանահայության) ցեղասպանության իրագործման քաղաքական հիմքը:

Հինգերորդ: Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունները իրենց կոնֆլիկտային բնույթը չեն կորցրել Խորհրդային Միության շուրջ յոթ տասնամյակների ընթացքում: Խորհրդային կայսրության և նրանում կոմունիստական մենատիրության դաժան պայմաններում արցախահայությունը չէր դադարեցնում պայքարը պատմական արդարության, սեփական բախտը տնօրինելու իր ոտնահարված իրավունքի վերականգման համար: Մարզը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու պահանջով տարբեր տարիների զանգվածային ստորագրահավաքները հաստատումն են այն բանի, որ արցախահայությունը չի հաշտվել 1920-ականներին իր նկատմամբ իրագործված բռնության հետ: Նա այդ բռնությանը լռելյան համաձայնություն չի տվել: 1988-ին նրա պայքարն ընդունեց բացահայտ ձև և համաժողովրդական բնույթ, որ հայոց և ԽՍՀՄ պատմության մեջ մտավ Ղարաբաղյան շարժում անունով:

Վեցերորդ: Ժողովրդավարական, ազատագրական բնույթ ունեցող այդ շարժումը ԽՍՀՄ իրավաքաղաքական դաշտում հարուցեց աննախադեպ իրադարձություններ: Դրանց շարքում հատկապես պետք է առանձնացվեն Հատուկ կառավարման համակարգի ներդրումը ինքնավար մարզում, որի ընթացքում մարզը փաստորոն դուրս բերվեց Խորհրդային Ադրբեջանի ենթակայությունից, և 1990 թ. ապրիլին «Միութենական հանրապետության՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին« ԽՍՀՄ օրենքի ընդունումը: Լեռնային Ղարաբաղի մասով օրենքը  արցախահայության ինքնորոշման ճանաչված իրավունքը վերահաստատող ակտ էր ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունների կողմից: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական Հանրապետության անկախության հռչակումից անմիջապես հետո, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից հայկական Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների նստաշրջանը որպես Լեռնային Ղարաբաղյի Հանրապետության հռչակման իրավական հիմք նշել է նաև ԽՍՀՄ այդ օրենքը:  ԼՂՀ հռչակման լեգիտիմության հիմքերի շարքում Հռչակագիրը նշել է նաև Ադրբեջանական Հանրապետության կողմից Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարումը: Նույն 1991 թ. հոկտեմբերի 18-ին «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության մասին» Սահմանդրական ակտում բացորոշված ձևով այդ հրաժարման վերահաստատումը Լեռնային Ղարաբաղին տրամադրել է իրավական հզոր փաստարկ առ այն, որ ինքը իր անկախությունը հռչակում է Ադրբեջանական Հանրապետությանը իրավաբանորեն չպատկանող տարածքներում:

ԱդրբեջանԼեռնային Ղարաբաղ դիմաբախության հետխորհրդային շրջանի իրադարձային բովանդակությունը և հիմնական իրավաքաղաքական արդյունքները

Անկախության հռչակումով Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունը մտավ նոր պատմական փուլ, որ շարունակվում է մինչ օրս: Հակամարտության հետխորհրդային շրջանի զարգացումներն ու գլխավոր իրադարձությունները անհանր է համարժեք ձևով հասկանալ ԽՍՀՄ տրոհման գործողություններից դուրս և այն դերակատարության անտեսումով, որ վերագրվել է Լեռնային Ղարաբաղին այդ գործընթացներում:  Լայնորեն շրջանառվում է քաղաքական վարկած այն մասին, որ Արևմուտքը վաղուց է մշակել ԽՍՀՄ-ը ըստ միութենական հանրապետությունների (իրենց ներքին սահմաններով հանդերձ) տրոհման նախագիծը, և այն գործողության մեջ է դրել, երբ երկրի ղեկին հայտնվել է հարմար «գործընկեր»՝ Միխաիլ Գորբաչովը: Զարմանալի կլիներ, եթե այդպիսի նախագիծ չլիներ: Աշխարհաքաղաքական այդ մեծ գործողության հնարավոր տարբերակների մեջ դա եղել է ամենաէժանն ու ամենահեշտ իրագործելին և քաղաքական իմաստով ամենից անվտանգը: Ծրագիրը մշակողները վստահ էին, որ անկախության տեսլականը փայփայող միութենական  հանրպետությունների քաղաքական ընտրախավերը կաջակցեն նախագծի իրագործմանը: Մենք այդ գաղափարի կողմնակիցն ենք, և վերջերս հրապարակած թեմային նվիրված հոդվածներից մեկում փոձել ենք ցույց տալ, որ այդ տարիներին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած ոչ մի նշանակալից իրադարձություն, երկրի ղեկավարի ձեռնարկած ոչ մի քայլ դուրս չի մնում այդ հախագծի իրագործման համատեքստից: Վերլուծությունը ցուց է տալից, որ միութենական հանրապետությունների որոշ ղեկավարներ տեղյակ էին Մեծ նախագծի բովանդակությանը: Հայաստանի երրորդ Հանրապետության  առաջին նախագահը դրանցից մեկն է եղել:

Լեռնային ղարաբաղը այդ ծրագրով պիտի ծառայեր որպես գերտերության փլուզման պայթուցիկ: Սակայն ի վերջո այն պիտի մնար անկախացած Ադրբեջանի կազմում: Այն, որ ՀՀՇ քաղաքական ղեկավարությունը իր գործողությունները համաձայնեցրել է այդ նախագծի նպատակներին, բացատրում է Ղարաբաղյան շարշման ու հետագա տարիների շատ ու շատ իրադարձություններ:  Բացատրություն է ստանում ԽՍՀՄ հոգևառքի ընթացքում Կենտրոնի և ադրբեջանի համատեղ իրագործած ՕՂԱԿ պատժիչ գործողությունը: Բացատրություն է ստանում այն դիմադրությունը, որ ՀՀՇ-ն ցուցաբերում էր 1989 թ. դեկտեմբերի 1-ի Միացման որոշմանը, բացատրություն է ստանում Շահումյանի հանձնումը, ինչպես նաև 1992 թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ՀՀ նախագահի տված հարցազրույցը, որում նա ԼՂ ապագան տեսնում է Ադրբեջանական Հանրապետության կազմում՝ ինքնավար հանրապետության կարգավիճոկով: Վերջապես, բացատրություն է ստանում դիմադրությունը, որ ՀՀՇ-ն ցուցաբերում էր 1992-ի հուլիսի 8-ին ՀՀ Ազգային ժղովում այն որոշման ընդունման դեմ, որով ՀՀ-ն պարտավորվում է չճանաչել միջազգային որևէ փաստաթուղթ, որում Լեռնային Ղարաբաղը նշված կլինի որպես Ադրբեջանական Հանրապետության մաս:

1991-1992 թվականներին ԽՍՀՄ տրոհումից հետո Արևմուտքի կողմից Ադրբեջանական Հանրապետության ճանաչումը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում փաստորեն Բաքվին տրված քաղաքական արտոնություն էր սկսելու ղարաբաղյան պատերազմը՝ Արցախը Բաքվին ենթարկելու նպատակադրությամբ: Այդ պատերազմի արդյունքները այսօր հայտնի են: Արցախը ոչ միայն դիմակայեց Մոսկվայի անմիջական աջակցությունից զրկված Ադրբեջանի գրոհները, այլև ազատագրեց այն տարածքների մի մասը, որ Կովբյուրոյի չընդունված, բայց գործադրված որոշման համաձայն պիտի մաս կազմեին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի: Արցախի կենտրոնական շրջանների մի մասը և ողջ Հյուսիսային Արցախը օկուպացված են, հայ բնակչությունը՝ բռնությամբ տեղահանված:

Ղարաբաղյան կոնֆլիկտի երրորդ փուլը շարունակվում է մինչ օրս և եթե հակիրճ ձևակերպելու լինենք նրա գլխավոր իրադարձություններն ու արդյունքները, դրանք համեմատության մեջ դնելով 1918-1920 թթ. հետ, ապա պիտի արձանագրենք հետևյալը:

Առաջին: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լեգիտիմ կայացած, դե ֆակտո անկախ պետություն է և ի տարբերություն 1918-1920 թվականների՝ միջազգային հանրության կողմից չի դիտվում որպես վիճելի տարածք Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանական Հանրապետության միջև: Նա հակամարտության օբյեկտ չէ[9]:

Երկրոդ:  Կոնֆլիկտի կարգավորումը նորից միջազգայնացված է: Բայց այս անգամ այն իր հովանու տակ է առել ՄԱԿ-ի աջակցությունը վայելող միջազգային հսկա մի կառույց, իսկ կարգավորման անմիջական գործողությունները իրագործում են ԵԱՀԿ կողմից ստեղծած Մինսկի խմբում համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Հարցին պարբերաբար անդարդառնում են տարբեր միջազգային կազմակերպություններ՝ վերապահումով, որ ինենք սատարում են կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Դա ապացույցն է այն նշանակության, որ գլոբալ քաղաքական  գործընթացներում աշխարհի հզորների կողմից տրվում է Լեռնային Ղարաբաղին: Շարունակելով զուգահեռները անցյալ դարի 20-ական թվականների հետ, նկատենք, որ Ազգերի լիգայում նրա հիմնադիր անդամների ձայները տարբեր կշիռ են ունեցել: Լեռնային Ղարաբաղին (և ոչ միայն այդ հարցին) վերաբերող քննարկումներում վճռական է եղել Անգլիայի բռնած դիրքը, որը բարյացակամ չէր տրամադրված անհնազանդ արցախահայության նկատմամբ: Այսօր այլ է իրավիճակը: Ոչ ԵԱՀԿ-ում, ոչ էլ Մինսկի խմբում Ղարաբաղյան հարցում արտոնյալ կամ բացառիկ իրավունքներով օժտված երկիր չկա:

Երրորդ: Ի տարբերություն 1918-1920 թվականների, երբ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը նոր-նոր էր գործողության մեջ դրվում և չէր դիտվում որպես որպես արցախյան խնդրի կարգավորման իրավական գործիք, մեր օրերում կոնֆլիկտի հանգուցալուծման հիմքում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ դրված է նաև ժողովուրդների ազատ ինքնորոշման միջազգային իրավական նորմը: Ճիշտ է, դրանք դրված են փաթեթով, և ղարաբաղյան հարցում դրանց՝ որպես հավասարազոր սկզբունքների, միաժամանակյա-համատեղ կիրառությունը հատկապես տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների սխալ այնպիսի մեկնաբանության պարագայում, թե իբր դրանք հակասում են մեկը մյուսին, հիմնախնդիրը տանում են իրավական փակուղի: Դա կարող է լինել բանակցությունների արդեն տասնամյակներ շարունակվող տեղապտույտն արդարացնող բացատրություն: Բայց միայն դա չէ այդ սկզբունքների հետ կապված խնդիրը: Բանն այն է, որ դրանք ներառված են  հակամարտության կարգավորման գործընթաց բուն հիմնախնդրի փաստական հենքից կտրված, սոսկ որպես կարգախոսներ: Խնդիր չի դրվում պարզել, թե, օրինակ, տարածքային ամբողջականության սկզբունքը ինչպես է կիրառվում Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ, երբ վերջինս հարժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը և վերականգնել 1918-1920 թթ. ճանաչված կամ հաստատված սահմաններ ձեռք չբերած մուսավաթական Ադրբեջանի պետականությունը: Կամ ինչու է նորից դրվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը, երբ Բաքուն մի քանի անգամ ճանաչել է այդ իրավունքը, երբ այդ իրավունքը 1990 թ. օրենսդրորեն ճանաչել է ԽՍՀՄ-ը: Դա է հենց կոնֆլիկտի կարգավորման քաղաքականացման այն հնարքը, որ իրագործում են Մինսկի խմբի համանախագահները: Բայց սկզբունքների հետ «խաղը» հակամարտության կոնկրետ փաստական հենքից կրելով չի վերջանում: Հետևում է սկզբունքների այնպիսի մեկնաբանություն, որ դրանք դառնում են անհամատեղելի՝ խնդիրը մղելով դեպի իրավական փակուղի: Միակ սկզբունքը, որն ըստ համանախագահների տարբեր մեկնաբանությունների տեղիք չի տալիս՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն է, որը կոչված է սառեցնելու խնդիրը մինչև կհաղթահարվի մյուս երկուսի հակասությունը: Կոնֆլիկտի արդյունքում ստեղծված և շուրջ քառորդ դար շարունակվող ստատուս քվոն միջազգային իրավունքի քողի տակ խնդրի քաղաքականացման հետևանքն է:

Չորրորդ: Կոնֆլիկտի կարգավորման գործընթացը հայտնվել է քաղաքական սառեցման իրավիճակում: Մինսկի խմբի համանախագահների մեկ ձգձգվող, մեկ ավելի հաճախակի դառնող այցելությունները տարածաշրջան արդեն ի զորու չեն շղարշել բանակցությունների տեղապտույտի և կոնֆլիկտի սառեցման և ստատուս քվոի կայունացման փաստը: Համանախագահները արդարացում ունեն: Նրանք ուդեգրել են հակամարտության խաղաղ հանգուցալուծման ռազմավարություն, մերժում են կողմերի նկատմամբ ուժի կիրառությունը, ստանձնել են միայն միջնորդական առաքելություն, ժամանակ առ ժամանակ մշակում են առաջարկություններ, որոնք վերջին տարիների որպես կանոն Բաքուն մերժում է՝ բանակցությունների անպտղության մեղքից ազատելով համանախագահներին: Սակայն խնդիրը միայն Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման մեջ կամ արհեստականորեն ստեղծված իրավական փակուղու մեջ չէ, որի մեջ հատնվել է կարգավորումը: Պետք է ենթադրել, որ բանակցությունների տեղապտույտի իրական բացատրությունը տարածաշրջանում խնդրով շահագրգիռ ուժային կենտրոնների (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան) միջև հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռությունն է:    Այդ հավասարակշության պրակտիկ արտահայտությունը ոչ միայն արդեն տասնամյակներ շարունակվող ստստուս քվոն է, այլև Մինսկի խմբի համանախագահների կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող հայտարարություններն այն մասին, որ ընդունված սկզբունքների շրջանակներում հակամարտության կարգավորման հարցում նրանք տարաձայնություններ չունեն, ինչը անհավանական է[10]:

Հինգերորդ: Ազգերի լիգայում քննարկումների նյութ դարձած Արցախը թե Լիգան, թե Երևանն ու Բաքուն դիտում էին սոսկ որպես երկու նորանլախ պետությունների տարածքային վեճի առարկա: Հետխորհրդային իրողությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և նրա կարգավորման գործընթացի ճանաչված կողմ, այդ գործընթացների սուբյեկտ է: 1994 թ. հրադադարի մասին Ստեփանակերտի ու Երևանի հետ ռուսական կողմի միջնորդությամբ Բաքվի կնքած համաձայնագիրը, դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կայունացման մասին  1990-ականներին Ստեփանակերտի հետ Բաքվի ստորագրած փաստաթղթերը, բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ԱՄՆ բազմաթիվ նահանգների, եվրոպական շատ քաղաքների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը, ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումն առ այն, որ Մինսկի խորհրդաժողովին որպես շահագրգիռ կողմ պետք է մասնակցեն «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները» իրավաքաղաքական արձանագրություններն են այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված է որպես հակամարտության ու նրա կարգավորման բանակցային գործընթացի կողմ[11]:

Վեցերորդ: Արցախի Հանրապետությունը մեկն է այն շուրջ 120 չճանաչված պետություններից, որոնք XX դարի երկրորդ կեսեին ձևավորված միջազգային քաղաքական համակարգի համար աննախադեպ ու նաև անշրջանցելի երևույթ նշանավորեցին: Այն արդեն հրատապորեն պահանջում է ժամանակակից միջազգային հարաբերությունների որակապես նոր իրավաքաղաքական գնահատում և այդ հիման վրա նրանց վերակառուցում: Կարելի է չկասկածել, որ դրա հետ կապված առանցքային հարցերից մեկը կդառնա անկախ պետականության կայացման միջազգային իրավական չափանիշների, պետության դե ֆակտո կայացածության ու նրա դե յուրե ճանաչման քաղաքական ակտի վերիմաստավորման, պետական կազմավորումների փաստական, օբյեկտիվ գոյության և դրանց ճանաչման սուբյեկտիվ գործոնների հարաբերության հարցը: Դա կոնֆլիկտային հարաբերություն է, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը XXI դարի գլոբալ իրավաքաղաքական համակարգի վերակառուցման այդ օրակարգում նշանակալից դերակատարություն կարող է ունենալ որպես իրական «մարտադաշտ» այն կոնֆլիկտի, որը դրսևորվում է պետականության փաստական, դե ֆակտո կայացածության և նրա դե յուրե ճանաչման քաղաքական ակտի, օբյեկտիվ իրողության ու դրա ընդունման սուբյեկտիվ շարժառիթների միջև: Իհարկե դա  տեսական լուծում պահանջող, տեսական մտքի հարց է և ունի փիլիսոփայական խորք: Բայց դա տեսության ոլորտներից «կարճ միացմամբ» իրական կյանք  մտնող կոնֆլիկտ է: Արցախը տիպական, դասագրքային  օրինակ է տրամադրում այն բանի, թե ինչպես ազգերի ու ժողովուրդների կեցության հիմքերը շոշոփող այնպիսի մի հարց, որպիսին իրավունքի ու քաղաքականության դիմաբախությունն է, արդեն 100 տարի դառնում է իրական պատերազմների հարուցիչ, պատճառում ավերածություններ, խեղում մարդկային ճակատագրեր:

                                                           Եզրակացություններ           

Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հակամարտության հարյուրամյա փորձը խիստ ուսանելի է թե քաղաքականությամբ զգաղվող փորձագետների, թե միջնորդական առաքելություն իրագործող գործիչների, թե  իրավունքի ու քաղաքականության տեսաբանների համար: Այն դասագրքային հարուստ նյութ կարող է տրամադրել էթնոսների քաղաքական վարքի ու հոգեկերտվածքի, իրավունքի ու քաղաքականության փակուղային հարցերի վերհանման ու գիտական իմաստավորման համար: Անկասկած է նաև Ղարաբաղյան շարժման ու Արցախյան հերոսամարտի դարակազմիկ նշանակությունը XX դարի սկիզբներին ցեղասպանության ենթարված ու վերընձյուղված հայ ժողովրդի համար: Արցախյան գոյամարտը այն բանի հաստատումն էր, որ ազատատենչ ոգին, ազգային միասնությունը և բռունցքված ուժն է ցեղասպանին իր տեղը դնելու միջոցը:

 

1  Հարյուրամյա դիմաբախության վավերագրերը գրեթե սպառիչ ծավալով ներկայացված են Յու. Գ. Բարսեղովի խմբագրությամբ Մոսկվայում 2008 թ. հրատարակված «Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарии». փաստաթղթերի ժողովածուում:

[2] 2001-2006 թվականներին մերձմոսկովյան Սնիգերի բնակավայրում ժողովրդական դիվանագիտության ձևաչափում տեղի ունեցած Բաքու-Ստեփանակերտ-Երևան եռակողմ ռուս-ամերիկայն Դարտմուտյան խորհրդաժողովում «Ղարաբաղ-Ադրբեջան կոնֆլիկտի սկիզբ» հասկացության շուրջ ծագած քննարկումների ժամանակ Ադրբեջանական Հանրապետության նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը փորձում էր հիմնավորել, որ հակամարտության սկիզբ պետք դիտվի 1992 թ. մայիսի 8-9-ը, երբ, իր խոսքերով, «ղարաբաղցիները գրավել են Շուշին»: Հայ փորձագետները հիմնավոր և արդյունավետ կերպով հերքեցին այդ կեղծ դրույթը՝ հղում կատարելով պատմագիտության լայնորեն հայտնի փաստերին՝ 1918-ին ծավալված ռազմական գործողություններին և Ազգերի լիգայում հարցի արծարծումներին: Այդ քննարկումները ցույց տվեցին, թե քաղաքական տեսակետից սկզբունքային ինչ նշանակություն ունի «հակամարտության սկիզբ» հասկացությունը:

[3][3] 1905-1907 թթ. հայ-թաթարական բախումները, որ հրահրված էին ցարական հատուկ ծառայությունների կողմից, առավելապես էթնիկական բախումներ էին: 1917-1918 թթ. հայերի ու կովկասյան թաթարների միջև ծագած կոնֆլիկտները շոշոփում էին Ռուսական կայսրությունից դուրս մնացած Արևելյան Անդրկովկասի քաղաքական կացուրյան, երկրամասի ազգային-պետական կառուցվածքի հարցը: հայտնի է, որ Թբիլիսիում 1918 թ. մայիսի 27-ին Բաքու մայրաքաղաքով հռչակված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը չէր կարողանում մեկնել Բաքու, քանի որ այնտեղ խորհրդային իշխանություն էր հռչակված, որի ազգային հենարանը հայերն էին: Այս պարագայում 1917-1918 թթ. հայ-թաթարական վեճը սոսկ էթնիկական կոնֆլիկտի բնույթ  ուներ: Այն տիպիկ էթնթքաղաքական կոնֆլիկտ էր:

[4][4] Տես՝ «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ.» (Երևան, 2003) փաստաթղթերի ժողովածուն:

[5] Արխիվային փաստաթղթերի վրա այդ 1917-1923 թթ. իրադարձությունների վերաբերյալ փաստական նյութերին կարելի է ծանոթանալ Հրանտ Աբրահամյանի «Մարտնչող Արցախը. 1917-2000» (Երևան, 2003) գրքի Ա մասից:

[6] Համապատասխան փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանում 1992 թ. լույս տեսած «Нагорный Карабах в 1918-1923 гг. (под ред. В.А.Микаеляна)», փաստաթղթերի ժողովածուից:

[7]  1920 թ. ապրիլի 24-29 Լեռնային Ղարաբաղի Թաղավարդ գյուղում տեղի ունեցած արցախահայության 9-րդ համագումարը, որը հայրենի երկրամասը հռչակեց Հայաստանի առաջին Հանրապետության անկապտելի մաս, գուցե և կարող էր դիվանագիտական իմաստով ավելի նուրբ քայլ անել՝ խորհրդային իշխանություն հռչակելով Հայաստանում: Դա կնշանակեր, որ ինքը երկրամասը հռչակում է Հայաստանի մաս, բայց արդեն չհակադրվելով երկրամաս վերադարձած բոլշևիկյան Ռուսաստանին: Այդ դեպքում գուցե և քաղաքական ինչ-որ փաստարկներ կհայտնվեին Արցախի թղթապանակում այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի օր անց  XI Կարմիր բանակը մտավ Լեռնային Ղարաբաղ և այնտեղ հռչակեց խորհրդային իշխանություն: Սակայն եղել է այն, ինչ եղել է, և ինչպես ասում են՝ պատմությունը եթեներ չի սիրում:

[8] Իրավական ու քաղաքական տեսանկյուններից ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի որոշման վերլուծությունը տես՝ Ա.Ս.Մանասյանի «Ղարաբաղյան ազատամարտը հայող քաղաքական գիտակցության հայելում» (Երևան, 2003) գրքում:

[9] Ժամանակին Հեյդար Ալիևի հաճախ էր հնչեղություն տալիս այն մտքին, որ կոնֆլիկտի կարգավորման բանալին իր և Լևոն Հակոբովիչի (ՀՀ առաջին նախագահի) ձեռքերում է, որ ինքը և Լևոն Հակոբովիչը համաձայնության կգան կոնֆլիկտի կարգավորման հարցում: Փորձառու ու խորամանկ Հեյդարը ոչ միայն շոյում էր ՀՀ առաջին նախագահի ինքնասիրությունը, այլև հիմքեր էր ստեղծում Լեռնային Ղարաբաղին կոնֆլիկտի օբյեկտ դարձնելու համար: Խորամանկությունը չաշխատեց, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահը շրջանառության մեջ դրեց դրան հակադարձող բանաձև այն մասին, որ Երևանը կհամաձայնվի ամեն մի որոշման հետ, որին իր համաձայնությունը կտա Ստեփանակերտը: Իսկ դա արդեն Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի հիմնական սուբյեկտ դարձնելու բանաձև էր:

[10] Մինսկի խմբի համանախագահությունում ԱՄՆ-ը ներկայացնող նախկին համանախագահ Ջեյմս Ուոռլիկի կողմից հաճախակի հնչեցված այն միտքը, թե «ստատուս քվոն դարձել է անտանելի» ամենայն հավանականությամբ խնդիրը մեռյալ կետից հանելու ԱՄՆ տեսակետն էր արտացոլում: Իրականում հաստատված ստստուս քվոյի ցանկացած վերանայում ենթադրում է վերադարձ անցյալի ինչ-որ իրավիճակի: Սակայն իրենց բնակատեղիները Ադրբեջանից բռնահանված հայ փախստականների վերադարձի խնդիրը թույլ չի տալիս տեսնել, թե անցյալի որ իրավիճակին կարելի է վերադառնալ՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը: Սա նաև քաղաքակրթական բնույթի հարցադրում է: Լեռնային Ղարաբաղ իրենց բնակավայրերը վերադարձող ադրբեջանցիները վստահ կլինեն, որ հայերը ազգային հարաբերություններում երբեք չեն դիմի ֆիզիկական բնաջնջման, ցեղասպանական ակտերի, այն դեպքում, երբ Բաքու, Գանձակ կամ հյուսիսային Ադրբեջան նախկին հայկական գյուղերը վերադարձող հայը նման վստահություն չի կարող ունենալ:

[11] Այն հանգամանքը, որ Բաքուն փոխել է մտադրությունը և շուրջ տասը տարի հրաժարվում է բանակցային նույն սեղանի շուրջ նստել Ստեփանակերտի հետ, որևէ ձևով չի անդրադառնում այդ փաստի վրա: Բաքուն չէ, որ պիտի որոշի հակամարտության միջազգային կարգավորման բանակցությունների ձևաչափը: Նա այդպիսի իրավասություններ չունի: 1992-ի բուդապեշտյան գագաթնաժողովից ի վեր, ԵԱՀԿ-ը այդ հարցով որևէ նոր որոշում չի ընդունել: Մինսկի խմբի համանախագահների պարբերական այցերը Ստեփանակերտ, ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում հրադադրի ռեժիմի կայունացման ԵԱՀԿ ջանքերը և դրանցում ԼՂՀ մասնակցությունը այդ մասին են վկայում: Նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով Բաքու-Երևան հանդիպումները լոկ նախապատրաստությունն են բանակցությունների այն փուլի, որին պետք է մասնակցի Ստեփանակերտը: Ավելին, այդ հանդիպումները կոնֆլիկտող կողմերի բանակցություններ անվանել չի կարելի, քանի որ Հայաստանի Հանրապետությունը, որը իր անկախությունը հռչակել է Խորհրդային Հայաստանի սահմաններում, կոնֆլիկտի կողմ չէ և ՀՀ նախագահի խոսքերով Բաքվի հետ երկխոսության մեջ է մտնում Ստեփանակերտի փոխարեն:

Ալեքսանդր Մանասյան

Մեկնաբանություններ